Հեքիաթներ

Ջանի Ռոդարի

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:


Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Աշխարհի ամենալավ մարդը
     Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:    Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
-Միշտ առաջինն եմ լինելու ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
Բայց դե հակառակն ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:
Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…  Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…
Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  ստիպված հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց այդ մասին վերջինն իմացավ: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է:

Շղթա
      Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

Մեկ և յոթ
Ես մի տղա գիտեի, որ յոթ տղա էր: Ապրում էր  Հռոմում, անունը Պաոլո էր, նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Նա նաև ապրում էր Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր  ավտոմեքենաների գործարանում:
Նա նաև ապրում էր Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Նա նաև ապրում էր Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր  ու մաթեմատիկա էր սովորում:
Նա նաև ապրում էր Նյու Յորքում, անունը Ջիմի էր, և նրա հայրը բենզին էր վաճառում:
Քանիսի՞ն թվեցի: Հինգին: Մնաց երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր: Վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, նրա հայրն էլ ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույն է` նույն տղան էին, որը ութ տարեկան էր, արդեն գրել- կարդալ գիտեր և կարողանում էր հեծանիվ  քշել` առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուի մաշկը դեղին էր, բայց նրանք նույն տղան էին: Պաբլոն իսպաներեն էր  կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերեն, բայց նրանք նույն տղան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են: 

Թափանցիկ Ջակոմոն
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: 

Սակա՛լապակա՛լա
Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի  ոչ մեկը այդ լեզուն  չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս  երեսին:
_Սակալա-պակալա,-ասաց  մի տղան:
_Պակալա պակալա, բրաֆ,-ասաց  մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի պարոն և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական տիկին էր նայում. ո՛չ բարի էր, ո՛չ էլ՝ չար:
_ Ի՛նչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բարի պարոնը չհամաձայնեց.
_ Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,-ասաց նա:
_ Ուզում եք ասել, որ հասկանո՞ւմ եք նրանց բլբլոցը:
_ Բա ո՜նց,-պատասխանեց բարի պարոնը,-իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ լավ օր է այսօր, իսկ մյուսը նրան պատասխանեց՝ վաղն ավելի լավ օր կլինի: Տիկինը քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի բարաբասկի պիմպարամոսկի,-ասաց մեկը:
_Բամբարամբամ բասկի կումպարասկի բրու,-պատասխանեց մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_ Հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց տիկինը:
_ Հասկացա,-ժպտալով ասաց ծեր պարոնը,-նրանցից մեկն ասաց.
_ Ինչ լավ է, որ մենք ապրում ենք այս աշխարհում:
Մյուսն էլ պատասխանեց.
_ Այո՛, աշխարհը հրաշալի է:
_ Իրո՞ք հրաշալի է մեր աշխարհը,-զարմացավ տիկինը:
_ Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր պարոնը:

Շփոթպապը
Կար-չկար մի աղջիկ  կար: Նրա անունը Դեղին Գլխարկ էր:
_ Չէ՜, ԿարմիրԳլխարկ…
_ Հա՛, ճիշտ որ, Կարմիր Գլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_ Դե չէ՛, պապի՛կ, կարմի՜ր, կարմի՛ր գլխարկ:
_Վա՜յ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և կարտոֆիլի կճեպներ  տար նրան:
_ Չէ՛, գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան:
_ Դե լավ: Աղջիկը գնում է, գնում, հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_ Է՜… պապի՛կ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս, ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_ Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարցնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.
_ Ո՞ւր ես գնում, Կարմիր գլխարկ
_ Դու ճիշտ ես, թոռնի’կս: Իսկ սև գլխարկը պատասխանում է.
_ Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կար-միր…
_ Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա՝ տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_ Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_ Ի՞նչ ձի: Գայլ էր, չէ՞:
_ Իհակե, գայլ էր: Դե հա,  գայլն ասում է.
_ Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի՛ տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_ Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու, մեկ է, առ ինձ համար:
_ Համաձայն եմ. ահա քեզ մի սոլդո. շուտ վազի՛ր, գնի՛ր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Երիտասարդ խեցգետինը
Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Աչքերի գանգատը
Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնկան եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Ցախավելն  ու Բեֆանան
Բեֆանան   ապրում է Նավոնի հրապարակում: Նոր տարուց հետո  նա ցախավելն արդեն օգտագործում է միայն տարբեր աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չիմաքրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, բայց ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:
Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր   Բեֆանաները` Օմենիայից, Ռեջիո-Էմիլիից, Ռիվիսոնդոլայից՝  (քաղաքներ Իտալիայում) ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք շատ-շատ ցախավելներ են օգտագործում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ քիչ են ավել գնում, Բեֆանան քրոջն ասում է.
_ Ավել գնողները պակասել են, պետք է մի բան մտածել: Եվ դու, երևի, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
_ Կարելի է ավելի էժան վաճառել: Հիշո՞ւմ ես՝ անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդպես նորի տեղ վաճառեցինք:
– Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կպակասեցնեմ:
Բեֆանայի քույրը լուրջ մտածում է.
_Կարելի է,-ասում է,-նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
_ Դա ի՞նչ է:
_ Շատ կարճ ավել:
_ Բայց դա անհամեստ կերևա:
_ Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կբարկանան, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:
Նորաձև մինի-ցախավելները  շատ Բեֆանաների դուր եկավ: Սկզբում տարեց Բեֆանաները բարկությունից պատեպատ էին զարկվում, նամակ-բողոքներ էին ուղարկում թերթերին, բողոքի ցույցեր անում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակում էին և թաքուն փորձում  այդ կարճ ցախավելները: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս եկան: Ժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը և այդպես օգտագործում: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չէր բերում:
Որոշ ժամանակ անց կրկին սկսեցին կարճ ավելներ քիչ գնել:
_ Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
_ Բայց գլուխս էլ է սկսելն ցավել, այնքան եմ մտածում:
_ Չտածես, կինո չես գնա:
_ Օ ̃ֆ, արի մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկենք:
_ Դա ի՞նչ է:
_ Շա ̃տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
_ Քո կարծիքով  դա ավելորդություն չի՞ լինի:
_ Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ կսկսեն շատ գնել:
Այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են՝  քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:
Հաջորդ տարի Բեֆանայի քույրը հայտնագործում է միդի–ցախավելը և քրոջից սալորաչրի միջուկով շոկոլադի տուփ ՝ ստանում:   Տուփը ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացում:
Հենց այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները թռչում էին ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով և ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին,  օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով: Հետո նա ստիպված բոլորին ծխնելույզով տուն է հասցնում :
Փոշեկուլն, իհարկե, օգտակար է մաքրության համար: Իսկ ճամփորդելու համար, ինչ ուզում ես արա, հին ցախավելն ավելի հարմար է: 

Ալիսագլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s