Հեքիաթներ

Ջանի Ռոդարի (մաս 2)

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից  են
Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին:

Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել, թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տների պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:
_ Բարև,-խոսեց Ջովանինոն սառնարաններից մեկի հեռախոսով:
_ Բարև,-պատասխանեցին ներսից:
_ Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:
_ Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:
_ Ո’չ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Եվ ի՞նչ… Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:
_ Չէ՜, ինչո՛ւ, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:
_ Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ի՞նչ կլինի այդ ժամանակ:
_ Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեմ իմ զինվորներին՝ նրան բանտ նստեցնել:
_ Չէ՜ մի, արևին՝ բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:

Շոկոլադե ճանապարհը
Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
 Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները:  Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Պաղպաղակե դղյակը 
Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ  լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Դրանից հետո երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
_ Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանայիր:

Բի մոլորակը
«Բի» մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
_ Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն է):
Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
_  Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
_ Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք ելակի կամ արքայախնձորի համ ունեն, պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց Բի մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա-անտա, պերո-պերո,
Պինտա-պինտա, պիմ պերո:

 « Լացել» բառը
Այս պատմությունը դեռ տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա Վաղը: Դե լսեք: Այդ օրը, որ կոչվում է «Վաղը», մի ծեր ուսուցչուհի զույգերով կանգնեցնում է իր աշակերտներին և տանում Անցյալի Թանգարան: Անցյալի Թանգարանում հին իրեր են ցուցադրում, անցյալի իրեր: Դրանք արդեն մեկին պետք չեն։ Օրինակ՝թագավորական  թագ, թագուհու երկայնափեշ, տրամվայ և էլի նման անպետք բաներ։
Մի փոքր, փոշոտված ցուցասեղանին՝ ապակու տակ, դրված էր «լացել» բառը։ Վաղվա աշակերտները կարդացին բառը, բայց բան  չհասկացան։
_ Սինյորա, ի՞նչ է սա։
_ Հավանաբար  հին զա՞րդ։
_ Ինչ-որ էտրուսկական բա՞ն է։
Ուսուցչուհին բացատրեց երեխաներին, որ առաջ, շատ-շատ վաղուց, այս բառը շատ են  օգտագործել, այն մարդկանց դժբախտություն է բերել։ Նա ցույց տվեց մի ապակե անոթ և ասաց, որ դրա մեջ արցունքներ են պահում։ Գուցե դրանք թափել է մի դժբախտ ստրուկ, որին տերը ծեծել է կամ էլ ինչ-որ տղա, որ անտուն է մնացել։
_ Արցունքները նման են ջրի,-ասաց աշակերտներից մեկը։
_ Այո, բայց դրանք այրում են,-պատասխանեց ուսուցչուհին։
_ Հա՜, երևի դրանք օգտագործելուց առաջ եռացնում են,-գուշակեց ինչ-որ մեկը։
Չէ՜, այս աշակերտները բան չեն հասկանում։ Վերջ ի վերջո սրահում բոլորը ձանձրացան։ Այդ ժամանակ ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս ցուցասրահներ, որտեղ նրանք տեսան իրենց համար ավելի ծանոթ իրեր՝ բանտաճաղեր, պահակաշան  խրտվիլակ, կողպեք և այլն։ Այդ բոլորը իրեր էին, որոնք վաղուց արդեն չկան Վաղվա ամենաերջանիկ երկրում։ 

Հասած երկինքը
Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել էին. «Կապույտսերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s